Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արդեն դարձավ «Սե՞րժ»

Արդեն դարձավ «Սե՞րժ»
28.04.2009 | 00:00

«ԱՆՓԵՏ ՔՇՎԵՑԻՆ»
«Մենք պարբերաբար խոսել ենք այս տարաձայնությունների մասին, սա ոմանց ջղերի վրա շատ է ազդել, ոմանք այդ ամենում տեսել են պոռոտախոսություն, հոխորտանք, մյուսներն էլ` թե դա քարոզչական հնարք է, որ դաշնակցականներն ընտրությունից ընտրություն բանեցնում են: Այս փաստը հստակ ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն միշտ իր տեսակը չփոխելու խնդիր ունեցել է և ունի»,- երեկ, կոալիցիայից դուրս գալու հայտարարությունը ներկայացնելով, նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Արդեն ընդդիմադիր պատգամավոր Ռուստամյանը մեկառմեկ թվարկեց, թե որոնք էին «անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններ» առաջացրած հարցերը, և ինչու Հայաստանի իշխանության որդեգրած արտաքին քաղաքական ուղեգիծն այլևս դաշնակցականների «ոգուն ու տարրին» համապատասխան չէ: Մինչ այս որոշումը դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահին, լսել նրա հավաստիացումները, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն առանց նախապայմանների` ողջամիտ ժամկետում, որևէ կապ չի լինի ղարաբաղյան գործընթացի հետ, ցեղասպանության խնդիրը կասկածի տակ չի դրվի, իսկ թուրքական մամուլում հրապարակված 5 կետերը ստորագրված փաստաթղթի առնչությամբ իրականությանը չեն համապատասխանում: Դաշնակները լսել, լսել են, «չեն կասկածել նախագահի խոսքերին և ցանկություններին», բայցև չեն սասանվել` դուրս ենք գալու ու վերջ: Բայց իմանաք, հա, սա հիմք չի տալիս, որ խորհրդարանի թվով երկրորդ, քանակով առաջին ընդդիմադիր ուժին մեղադրեն բոլոր մահացու մեղքերի մեջ, ինչպես ժամանակին անում էին ոմանք։ «Ասում էին` փետով էլ քշեն, դուրս չեն գա կոալիցիայից, նրանք կոալիցիայի մեջ մտել են կերակրատաշտից օգտվելու համար»: Ի գիտություն իրենց «փետով քշողների»` ընդդիմադիր դարձած պատգամավորը էլի՛ հայտարարեց. «Մենք օր ու գիշեր ամեն ինչ արել ենք, որ խոցելի չլինի մեր իշխանությունը»: Բա՞։
Անդրադառնալով իրենց հետագա գործունեությանը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը փաստեց, թե «ընդդիմության փորձը նոր չէ, որ պետք է ձեռք բերեն, քանի որ այդ դաշտում ժամանակին ակտիվ աշխատել են»: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» հետ համագործակցությանը, ապա` «Կոնգրեսի հետ հենց նույն հարցի հետ կապված մենք ունենք լուրջ տարաձայնություններ: Դեռ հայտնի չէ` կոնգրեսը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույն բանը արդյոք չէի՞ն անի: Երբ Տեր-Պետրոսյանի հետ մենք հակադրվում էինք այս խնդիրներով, ի՞նչ է, նա շատ տարբեր տեսակետներ ունե՞ր: Կոնգրեսի հետ հարաբերությունները քաղաքական-գաղափարական դաշտում պարզապես այս պահին անհամատեղելի են, որովհետև նրանց ոչ գաղափարական մոտեցումները և ոչ էլ քաղաքական պահվածքն ենք ընդունում»: Իսկ «Ժառանգության» առումով էլ ասվեց, որ, բնականաբար, այս քաղաքական ուժի հետ համագործակցությունը կընդլայնվի: Եվ իշխանությունից «այլընտրանքային» ընդդիմության վերածվելու ճանապարհին հանկարծ ու դաշնակցական պատգամավորը Սերժ Սարգսյանի մասին խոսելով, ասաց պարզապես` Սերժ: Ա՜յ քեզ ընդդիմադիր «безфамильярность»: Սակայն, դաշնակցականների «ցավն ու դարդն ավելի մեծ է», քան Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը, քանի որ «հրաժարականի հարցեր միշտ էլ կարող են առաջանալ, բայց ողջ հարցն այն է, թե ինչ բովանդակությամբ, ինչ ձևով ու ինչ խնդիրներ լուծելու տրամաբանությամբ, և արդյոք հասունացե՞լ է դրա պահը»: «Հեղափոխական մեթոդներով հարցերի լուծում առաջանում է այն ժամանակ, երբ բոլոր միջոցները սպառված են, իսկ ես չեմ համարում, որ բոլոր միջոցները սպառված են: Մենք ընդդիմությանը միշտ էլ խորհուրդ ենք տվել չգնալ բոլոր կամուրջներն այրելու տրամաբանությամբ: Հիմա էլ մենք ցույց կտանք, թե ինչ են նշանակում իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունները, ինչը նպաստավոր կլինի իշխանության համար»: Բռա՛վո, Հայ հեղափոխական դաշնակցություն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2942

Մեկնաբանություններ